Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի ուշ կանցկացվեն ընդլայնված կազմով խորհրդակցությունները։
Պուտինի համար անհնար կլինի լիովին խուսափել անհարմար թեմաներից
BBC-ն գրում է, որ երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանի նախագահը չէր եղել մի վայրում, որտեղ այդքան շատ անկախ լրագրողներ կան, որոնք չեն վերահսկվում Կրեմլի կողմից։
Ռուսական մամուլի աշխատանքը, որը սովորաբար ճանապարհորդում է նախագահի հետ, շատ է տարբերվում է նրանից, թե ինչպես են ամերիկացի լրագրողները լուսաբանում իրադարձությունները։ Չարտոնված կամ անհարմար հարցեր գրեթե երբեք չեն տրվում։
Գործակալությունը նշում է, որ այսօր լրագրողները հասցրին Պուտինին հարցեր ուղղել, ինչպիսիք են՝ «ե՞րբ եք դադարեցնելու խաղաղ բնակիչների սպանությունը», և «ինչո՞ւ պետք է Թրամփը վստահի Ձեր խոսքերին»։
«Հնարավոր չէ իմանալ, թե արդյոք Ռուսաստանի նախագահը լսե՞լ է հարցերը, բայց եթե նա դուրս գա մամուլի ասուլիսի, անհնար կլինի լիովին խուսափել անհարմար թեմաներից»,- նշում է BBC-ին։
CNN-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահը հայտնի է իր մտքերը, տրամադրվածություն իր կեցվածքի միջոցով փոխանցելու կարողությամբ։
ԱՄՆ նախկին նախագահները քանիցս պատմել են, որ նա սովորություն ունի խոսելու ընթացքում ուսերն առաջ, վար գցած նստել, երբ հետաքրքրված չէ թեմայով։
Սակայն Ալյասկայում այդպես չէր, երբ հանդիպումն սկսվեց, նա նստել էր ուղիղ կեցվածքով՝ ձեռքերն իրար կպած։ Ե՛վ Թրամփը, և՛ Պուտինը մի քանի անգամ ժպտացին, չնայած Թրամփը հիմնականում սառը հայացք ուներ։
Պուտինի Aurus-ն ընդդեմ Թրամփի The Beast-ի
BBC-ն գրում է, որ Պուտինի այցը Ալյասկա լի է խորհրդանիշներով։ Նրա լիմուզինը՝ ռուսական արտադրության Aurus-ը, գտնվում էր Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազայի թռիչքուղու վրա, բայց նա գերադասեց բանակցությունների վայր մեկնել Դոնալդ Թրամփի նախագահական մեքենայով՝ The Beast-ով («Գազան»)։
Ռուսաստանի նախագահը դրանով ազդակ էր հղում իր ամերիկացի գործընկերոջը, որ վստահում է նրան, որ իրեն դուր են գալիս թե՛ Թրամփը, թե՛ նրա ավտոմեքենան։ Պուտինը նաև ժպտում էր, ինչը մեծապես հակասում է երկու երկրների միջև երկարամյա թշնամանքին։
«Սկզբի համար դա շատ լավ քայլ է, եթե ուզում եք, որ բանակցողը վստահի ձեզ և հավատա ձեզ», - նշում է բրիտանական գործակալությունը։
Ի՞նչ է Զելենսկին ակնկալում Ալյասկայի հանդիպումից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին օրերին հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի «թիվ մեկ» պահանջն այն է, որ Ռուսաստանը համաձայնի հրադադարին։
Միայն հրադադարը կարող է հիմք դառնալ խաղաղության շուրջ իմաստալից բանակցությունների համար, նշում են Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները:
Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների միջև չորեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո թեմային ծանոթ երկու եվրոպացի դիվանագետներ CNN-ին ասել են, որ Թրամփն առաջարկել է այսօրվա բանակցություններում պնդել, որ հրադադար հաստատվի։
Եթե Ռուսաստանը համաձայնի հրադադարին, Ուկրաինայի ուշադրությունը կարող է կենտրոնանալ իր հաջորդ առաջնահերթության՝ հաջորդ հանդիպմանը մասնակցելու վրա։
Կիևը հույս ունի, որ այսօրվա բանակցությունները նախաբան կլինեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև եռակողմ գագաթնաժողովի։
«Ուկրաինային վերաբերող ամեն ինչ պետք է քննարկվի բացառապես Ուկրաինայի հետ,- չորեքշաբթի Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր Զելենսկին,- Մենք պետք է պատրաստենք եռակողմ ձևաչափ բանակցությունների համար»։
Թրամփն իր հերթին վստահեցրել է, որ Ուկրաինային վերաբերող բոլոր հարցերը կքննարկվեն Կիևի մասնակցությամբ։
Արդեն մոտ մեկ ժամ է, ինչ Ալյասկայի Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում ընթանում են Թրամփ-Պուտին բանակցությունները, որոնց մասնակցում են նաև նրանց օգնականներնն ու արտգործնախարարները։
Պուտինը և Զելենսկին Թրամփի կողմից բոլորովին այլ ընդունելության արժանացան
Մինչ Ալյասկայում արդեն մոտ մեկ ժամ է, ինչ ընթանում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, մամուլը համեմատություններ է անում այն մասին, թե ինչպես է Թրամփն ընդունել Ուկրաինայի, իսկ հիմա արդեն Ռուսաստանի նախագահին։
BBC-ն նշում է, որ Պուտինը բոլորովին այլ ընդունելության է արժանացել, քան Զելենսկին, որի հանդիպումը Սպիտակ տանն այս այս տարվա սկզբին սկանդալով ավարտվեց․ ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը բառացիորեն բղավում էին նրա վրա։
«Դա անսովոր տեսարան էր, որին ականատես եղանք փետրվարին, երբ Զելենսկին Սպիտակ տանը Թրամփի կողմից լիակատար հարձակմանը ենթարկվեց։ Պուտինին կարելի էր տեսնել ժպտալիս, երբ նա նստած էր Թրամփի հետ նախագահական մեքենայում՝ The Beast-ում («Գազան»)։ Նախքան նա որևէ բառ կարտասաներ, սա նրա համար արդեն հաղթանակն է»,- գրում է գործակալությունը։
Ըստ BBC-ի՝ Թրամփը ոչնչի չի հասել միայն Պուտինին այստեղ բերելով։ Մինչդեռ Պուտինն արդեն բավականին մեծ բանի է հասել՝ պարզապես ինքնաթիռից իջնելով, կարմիր գորգով անցնելով և Թրամփի մեքենան նստելով։
«Սա մարդ է, որը միջազգային մակարդակով մերժված է եղել»,- գրում է գործակալությունը։
Մինչ Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում ընթանում է Պուտին-Թրամփ հանդիպումը, Ալյասկայի Անքորիջ քաղաքի փողոցներում մարդիկ ցույց են իրականացնում հաջակցություն Ուկրաինայի և պահանջում դադարեցնել պատերազմը։
Պուտին-Թրամփ բանակցություններն ընթանում են մեկ ժամից ավելի
Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը՝ իրենց պատվիրակությունների հետ, բանակցում են արդեն մեկ ժամից ավելի։ CNN-ը նշում է՝ սա կարևոր է, քանի որ այս շաբաթվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ իրեն ընդամենը մի քանի րոպե է հարկավոր՝ հասկանալու համար, թե արդյոք Պուտինը իսկապես հետաքրքրված է խաղաղության հասնելու հարցում:
Նա նաև ասել էր, որ եթե գագաթնաժողովը վատ ընթանա, ինքը կլքի այն: «Ես կարող եմ հեռանալ և ասել՝ հաջողություն, և դա կլինի վերջը։ Ես կարող եմ ասել, որ այս հակամարտությունը չի կարգավորվելու», - հայտարարել էր Թրամփը գագաթնաժողովից առաջ։
Եվ փաստացի հանդիպումը շարունակվում է արդեն մեկ ժամից ավելի։
Ընդլայնված կազմով բանակցություններին կմասնակցի ՌԴ պաշտպանության նախարարը
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընդլայնված կազմով հատվածին ռուսական կողմից կմասնակցի նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Այս պահին նախագահներից բացի ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և արտաքին քաղաքականության նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։