Պուտինը և Թրամփը դեռ ճաշի ընդմիջում չեն արել․ ի՞նչ է դա նշանակում
Սպիտակ տան պաշտոնյան հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը շարունակվում է արդեն մոտ 90 րոպե և տեղական ժամանակով արդեն 13։30-ն անց է։ Ինչպես հաղորդում է CNN-ը, սա Թրամփին բավականաչափ ժամանակ է տվել՝ գնահատելու Պուտինի մտադրությունները, ինչը, ինչպես նա էր ասել այս շաբաթվա սկզբին, կտևի ընդամենը երկու րոպե։
Սպիտակ տունը միտումնավոր խուսափել էր այսօրվա գագաթնաժողովի ճշգրիտ ժամանակացույցի մասին կանխատեսումներից՝ գիտակցելով, որ ցանկացած շեղում կմեկնաբանվի որպես հաջողության կամ ձախողման նշան։ Սակայն Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպումը կարող է մի քանի ժամ տևել։
Այս տարի Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցների մեծ մասը տևել է մինչև 90 րոպե։ Երկու առաջնորդների զրույցներին հետևելիս կարևոր է նաև հաշվի առնել թարգմանության ժամանակը (չնայած Պուտինը խոսում է անգլերեն, նա սովորաբար իր հանդիպումներն անցկացնում է ռուսերենով)։
«Այն, որ Թրամփը և Պուտինը մեկուկես ժամ բանակցելուց հետո չեն անցել ընդլայնված երկկողմ ճաշին, նույնպես խոսում է այն մասին, որ Թրամփը, գոնե մինչ այժմ, ստիպված չի զգացել «լքել» բանակցությունների վայրը, ինչպես խոստացել էր անել այսօր ավելի վաղ, եթե զգա, որ հանդիպումը վատ է ընթանում», - գրում է աղբյուրը։
Ալյասկայում շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։ Պուտինը հանդիպումը բնորոշեց որպես կառուցողական, հույս հայտնելով, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են մեկնարկային կետ լինել՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման համար»։
Թրամփն, իր հերթին, ասաց, թե «շատ, շատ հարցերում համաձայնության են եկել», միաժամանակ նշեց՝«կան մի քանի կարևոր կետեր, որոնց մենք դեռ լիովին չենք հասել, բայց որոշակի առաջընթաց ենք գրանցել»։
Թե որոնք են համաձայնեցված ու դեռ վիճահարույց կետերը՝ նախագահներից որևէ մեկը չհստակեցրեց. Թրամփն ու Պուտինը հայտարարություններից հետո լրագրողներին հարցերին չպատասխանեցին՝ արագ հեռանալով մամուլի սրահից։
Մինչ այդ Պուտինը միայն նշեց, որ տևական ու կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն հակամարտության սկզբնական պատճառները վերացնելուց հետո, միևնույն ժամանակ համաձայնեց, որ այն պետք է նաև Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորի։ Ավելի քան երեք տարի այդ երկրի դեմ պատերազմելուց հետո Պուտինը նաև վստահեցրեց, թե Ռուսաստանը ուկրաինացիներին «մշտապես համարել և համարում է եղբայրական ժողովուրդ, և այն, ինչ տեղի է ունենում հիմա՝ ողբերգություն է»։
Կարճ ելույթում Կրեմլի ղեկավարը հասցրեց նաև եվրոպացիներին զգուշացնել՝ հույս հայտնելով, որ Կիևում ու ԵՄ մայրաքաղաքներում «չեն տորպեդահարի այսօր ձեռք բերված համաձայնությունները»։
Թրամփը տեղեկացրեց, որ պատրաստվում է այսօրվա հանդիպման արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահին ու եվրոպացի դաշնակիցներին։
«Հաջորդ հանդիպումը՝ Մոսկվայում», - առաջարկեց Պուտինը՝ անգլերենով, Թրամփը չմերժեց։