Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների՝ այս պահին հայտնի գլխավոր արդյունքը, թերևս, Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպումն է:
Վլադիմիր Զելենսկիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և եվրոպական 5 այլ երկրների առաջնորդների հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվա է զանգահարել և ինչպես գրել է իրեն պատկանող Truth հարթակում՝ սկսել զբաղվել Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպման հարցերով. «Այդ հանդիպումից հետո եռակողմ հանդիպում կլինի, որին կմասնակցեմ նաև ես: Արդեն շուրջ 4 տարի շարունակվող պատերազմի համար սա շատ լավ առաջին քայլ է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետԿրեմլը հնարավոր հանդիպմանն առայժմ չի անդրադարձել: Պուտինի օգնական Յուրի Ուշակովը միայն հայտնել է, թե հեռախոսազրույցի ընթացքում նախագահները կողմ են արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակությանը, ու հավելել՝ քննարկել են ռուսական և ուկրաինական կողմերի ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու հնարավորությունը:
Կիևը պատրաստ է բանակցել ցանկացած ձևաչափով, սակայն՝ միայն առաջնորդների մասնակցությամբ, վաշինգտոնյան բանակցություններից հետո հայտարարեց Վլադիմիր Զելենսկին: «Որևէ ժամկետ չկա, մենք վերահաստատել ենք, որ պատրաստ ենք հանդիպել: Ես ասացի՝ Ուկրաինան երբեք չի կանգնի խաղաղության հասնելու ճանապարհին, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի, սակայն՝ առաջնորդների մակարդակով», - ասել է Զելենսկին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ավելի քան 20-րոպեանոց հարցազրույց է տվել: Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների մասին միայն ավարտին է խոսել՝ հայտարարելով, թե առաջնորդների ցանկացած շփում պետք է մանրամասն նախապատրաստվի: Հարևան երկրի վրա հարձակված երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը վրդովվում է, որ Վաշինգտոնում Ուկրաինային անվտանգության երաշխիքների մասին հայտարարություններ արած առաջնորդները Ռուսաստանի անվտանգության մասին չեն խոսել:
«Առանց Ռուսաստանի անվտանգային շահերը հարգելու, առանց Ուկրաինայում ապրող ռուսների ու ռուսախոսների իրավունքներն ամբողջությամբ հարգելու երկարաժամկետ համաձայնությունների մասին խոսք լինել չի կարող, որովհետև կարգավորման շրջանակում հենց այս պատճառներն է պետք անհապաղ չեզոքացնել», - հայտարարել է Լավրովը:
Մինչ այդ, Արևմուտքում հնարավոր հանդիպման վայրն են քննարկում: Այն չեզոք երկրում կանցկացվի, հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Փարիզը Շվեյցարիայի տարբերակն է առաջարկում, Ժնևից արձագանքում են՝ պատրաստ են հյուրընկալել նախագահներին, Reuters-ն էլ, հղում անելով Սպիտակ տան իր անանուն աղբյուրին, գրում է՝ հանդիպումը գուցե Հունգարիայում կայանա:
Վաշինգտոնյան բանակցությունների առանցքային թեման Ուկրաինային անհրաժեշտ անվանգության երաշխիքների հարցն էր: Վերջին օրերի հիմնական զարգացումը Միացյալ Նահանգների հայտարարությունն է՝ պատրաստ են մասնակցել այդ երաշխիքների տրամադրմանը: Թե ինչ տեսք կունենան դրանք, ինչպիսի մեխանիզմներ կգործեն դեռ հայտնի չէ: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ավելի վաղ հայտարարել էր՝ Ռուսաստանը համաձայնել է թույլատրել Ուկրաինային ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման երաշխիքներ տրամադրել: Հենց այս հոդվածն է սահմանում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր պետությունների վրա:
«Մենք արդեն աշխատում ենք երաշխիքների բուն բովանդակության վրա», - X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ առաջնորդների մակարդակով բանակցությունները շարունակվում են: Միացյալ Թագավորության պաշտպանության շտաբի պետն էլ այսօր Վաշինգտոն է մեկնում՝ քննարկելու անվտանգության երաշխիքների հարցը:
Եվրոպացի առաջնորդների հետ բազմակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը Վլադիմիր Զելենսկիին ընդունեց: Ամիսներ առաջ նույն վայրում նրանց հանդիպումը աղմկահարույց ընթացք ունեցավ, այս անգամ, ըստ փորձագետների, այն շատ ավելի դրական էր, նախագահներն անգամ կատակներ արեցին: Լրագրողներն առաջնորդներից նաև անվտանգության երաշխիքների մասին էին ուզում մանրամասներ պարզել:
«Երբ խոսքն անվտանգությանն է վերաբերում, մեծ օգնություն կլինի, լավ կլինի, նրանք պաշտպանության առաջին գծում են, որտեղ նրանք են Եվրոպան, բայց մենք նույնպես նրանց կօգնենք, կներգրավվենք», - եղավ արձագանքը:
Եվրոպացի առաջնորդները պատերազմն ավարտելու հնարավոր գործարքի վերաբերյալ ավելի զգույշ են արտահայտվում ու հրադադարի անհրաժեշտության մասին հայտարարում:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընդգծեց՝ չի պատկերացնում հաջորդ նման հանդիպման անցկացումն առանց հրադադարի: «Եկեք աշխատենք այդ ուղղությամբ, եկեք փորձենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որովհետև մեր այսօր գործադրած ջանքերի հաջողությունը կախված է առնվազն հրադադարից», - ասել է Գերմանիայի կանցլերը:
Էմանյուել Մակրոնն էլ ֆրանսիական հեռուստաալիքներին տված հարցազրույցում շեշտեց՝ անվտանգության առաջին երաշխիքն ուժեղ ուկրաինական բանակն է, հետո արդեն, ինչպես կոչում են՝ վստահության ուժերը, ըստ էության՝ այժմ հենց դրա վերաբերյալ հարցերն են քննարկվում.
«Բրիտանական, ֆրանսիական, գերմանական, թուրքական և մյուս ուժերը պատրաստ լինեն գործել ոչ թե առաջնագծում, ոչ թե պրովոկատիվ եղանակով, այլ օդում, ծովում ու ցամաքում վստահություն ապահովեն»:
Ֆրանսիայի նախագահը հայտարարում է՝ եթե խաղաղության հաստատումից հետո Ռուսաստանը դարձյալ հարձակվի, այդ ուժերը մարտի մեջ կմտնեն:
Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են արդեն 3.5 տարի: Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանն այս պահին վերահսկում է 114 հազար 500 քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք՝ ներառյալ Ղրիմը, կամ Ուկրաինայի ընդհանուր տարածքի 19 տոկոսը:
Բանակցությունների գլխավոր հարցերից մեկն էլ Ռուսաստանի հետ հնարավոր տարածքային փոխանակումն է, եվրոպացի առաջնորդները հայտարարում են՝ Ուկրաինան ինքնուրույն պետք է որոշում կայացնի: