Դատավորը մերժեց իր ինքնաբացարկի՝ Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանի միջնորդությունը

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, թե Մելիքսեթյանն ի զորու չէ այս գործով արդար քննություն իրականացնել։

«Միջնորդության հիմքում դրվել են բացառապես դատարանի որոշումները, որոնք շահագրգիռ կողմի համար, տվյալ դեպքում՝ պաշտպանական կողմի համար, միգուցե եղել են, իրենց տեսանկյունից, ոչ ընդունելի, ինչը դատարանի գնահատմամբ բավարար փաստարկում չէ առ այն, որ սույն դատարանը անկողմնակալ է: Բերված միջնորդությունը, ինչպես նշեցի, անհիմն է, ենթակա է մերժման», - հայտարարեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը:

Մեկ այլ որոշմամբ դատարանը վերացրեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տեսակցությունների սահմանափակումը՝ բացառությամբ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Այսօրվա նիստին կողմերը որոշեցին նաև՝ ինչ ապացույցներ են հետազոտելու դատաքննության ընթացքում։

Այսօր սրբազանի գործով երկրորդ նիստն էր։ Նախորդի ժամանակ դատարանը մերժել էր կալանքը փոխելու միջնորդությունը՝ ևս 10 օրով երկարացնելով սրբազանի անազատության մեջ մնալը։ Դատարանը մերժել էր նաև Միքայել սրբազանի վերաբերյալ գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին փոխանցելու միջնորդությունը, հետաձգել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։

Փաստաբանական թիմը կարծում է, որ դատարանը կատարում է իշխանության հրահանգը և նպատակ ունի ավարտել գործի քննությունը հնարավորինս շուտ։ Որպես փաստ ներկայացնում են 6 աշխատանքային օրվա ընթացքում նշանակված 4 նիստերը։

«Ամեն մի շփում մեր դատաիրավական համակարգի հետ ավելի խորացնում է այն հիասթափությունը, որ ես կարող էի ունենալ: Ձեր դատավարությունից հետո ես ի վերջո արդարացվելու եմ՝ այսօր չլինի, տաս տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, հիսուն տարի հետո լինի, ես արդարանալու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր: Եվ դուք ամաչելու եք ձեր սերունդների առջև, դուք մայր եք, ձեր զավակների առաջ ամաչելու եք: Ես արդարանալու եմ», - այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց Միքայել սրբազանը՝ հավելելով. - «Սա, իմ ձերբակալությունն իշխանությունների խարանն է և խայտառակությունը, դա ինչո՞ւ է ձեզ պետք»:

Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք ներկայացվեց նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ դրանից մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։

Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում: