Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում է Գյումրիի քաղաքապետի՝ փեսային իր տեղակալ նշանակելը

Վարդան Ղուկասյանը ստանձնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, 19-ը ապրիլի, 2025թ.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում երկու վարույթներով քննում են փեսային իր առաջին տեղակալ նշանակելու Գյումրիի քաղաքապետի որոշումը: Պաշտոնյաների բարեվարքությունն ուսումնասիրող հանձնաժողովը քաղաքապետի դեպքում շահերի բախման հարցն է ուսումնասիրում, փեսայի վարույթում էլ հանրային ծառայության մասին օրենքն են մեջբերում, ըստ որի՝ հանրային ծառայողը չի կարող աշխատել մերձավոր ազգականի ենթակայությամբ: Վարույթի հիմքում մայիսի 2-ի ավագանու նիստն է, որի ընթացքում Ղուկասյանը փեսային ներկայացրեց որպես իր առաջին տեղակալ:

«Առաքելյան Ավետիսը իմ փեսան է, ես շատ պատասխանատու եմ ու շատ պահանջելու եմ իրենից՝ ավելի շատ, քան որևիցե մեկից», - հայտարարել էր Ղուկասյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում նախ առաջինը տեր Աստծուց, որ կարողացա հասնել այս բարձրաստիճան պաշտոնին, շնորհակալություն եմ հայտնում ինձ կողմ քվեարկած բոլոր ավագանիների անդամներին, շնորհակալություն եմ հայտնում Ձեզանից՝ պարոն քաղաքապետ, վստահության և առաջադրելու համար», - հայտարարել էր Առաքելյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդան Ղուկասյանի փեսան ընտրվեց Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալՂուկասյանը փոխքաղաքապետի պաշտոնում տեսնում է դստեր ամուսնուն, մշակույթի բաժնում՝ Ռուբեն Մխիթարյանին

Մարտին կայացած ընտրություններից հետո, երբ ավագանի անցած մյուս երեք ուժերի օգնությամբ Ղուկասյանը քաղաքապետ ընտրվեց, վերջինս հայտարարեց, թե պատրաստ է բոլոր պաշտոնների համար բանակցել՝ բացի իր առաջին տեղակալի հաստիքից: Պնդում էր՝ դրա համար հիմքեր ունի, իր հնարավոր ձերբակալության ժամանակ միայն փեսային կվստահի քաղաքապետարանի աշխատանքը համակարգելու գործը: Գյումրիի քաղաքապետը մի քանի քրեական հոդվածով է մեղադրվում, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման:

«Ես ոնց որ նպաստեմ ինչ-որ մի բանի, որ, ասենք, պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, ինքնըստինքյան, փոխքաղաքապետը պարտավոր է, ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է, և ինքը դառնում է քաղաքապետ: Այ դրա համար, ես, եթե էդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ, միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված», - մանրամասնել էր Վարդան Ղուկասյանը:

Ղուկասյանից այսօր «Ազատություն»-ը փորձեց ճշտել՝ տեղյա՞կ է արդյոք հարուցված վարույթից: Քաղաքապետը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց՝ «ինչ ենք կորցրել, ինչ ենք ման գալիս», պնդեց, որ անհանգստացած չէր:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթը հուլիսի 25-ին է հարուցել: Կառույցից փոխանցեցին, որ 90-օրյա ժամկետում կհրապարակեն իրենց եզրակացությունը՝ խախտում կա՞, թե՞՝ ոչ: Եթե հանձնաժողովը համարի, որ այստեղ առկա է շահերի բախում, գործը քաղաքապետի տեղակալի պաշտոնանկությանը կհասնի՞: Հանձնաժողովից ասացին՝ ոչ, բայց քանի որ առաջին տեղակալի պաշտոնը քաղաքական է, Վարդան Ղուկասյանը պետք է պարզապես հրապարակային պարզաբանում տա փեսային այդ պաշտոնին նշանակելու համար: Փեսայի դեպքում էլ նույնը կլինի, եթե հաստատվի խախտումը, Ավետիս Առաքելյանն իր հերթին պետք հրապարակային պարզաբանում տա:

Երեկ, ի դեպ, նման մի պարզաբանում Ֆեյսբուքում հրապարակեց վարչապետ Փաշինյանը: Այս նույն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել էր, որ նա վարքագծի կանոններ է խախտել, երբ հրապարակային խոսքում կիրառել է «դոմփել» ու «համբալ» բառերը: Հանձնաժողովը այս դեպքում ևս 90 օր ուսումնասիրել էր ու մի ծավալուն եզրակացություն հրապարակել: Վարչապետը, թեև հայտնեց, որ հանձնաժողովի մի քանի գնահատականների համաձայն չէ, այդուհանդերձ, ներողություն էր խնդրել այդ երկու բառերի համար, խոստացել իր էմոցիաներն ավելի լավ կառավարել, բայց և հավելել՝ «այդ բառերի հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու» իր կամքն անսասան է:

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ բարձրաստիճան մի շարք հոգևորականներ, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, խախտել են կուսակրոնության ուխտը, և պահանջում է նրանց հրաժարականը: Բառերից մեկը նա եկեղեցականների դեմ իր ստատուսներից մեկում էր կիրառել, մյուսը՝ խորհրդարանում՝ ընդդիմադիրների վրա բղավելիս ու նրանց հետ վիճելիս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը ներողություն խնդրեց «դոմփել» ու «համբալ» բառերն օգտագործելու համարՓաշինյանը խախտել է վարքագծի կանոնը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր կեզրակացնի՝ խախտե՞լ է վարչապետը վարքագծի կանոնները