Եվրոպացի առաջնորդները կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Եվրոպացի առաջնորդները երկուշաբթի կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը:

«Նախագահ Զելենսկու խնդրանքով վաղը ես կմիանամ Սպիտակ տանը նախագահ Թրամփի և այլ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Գերմանիայի կառավարության փոխանցմամբ էլ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եվրոպացի այլ առաջնորդների հետ կմեկնի Վաշինգտոն՝ միանալու Թրամփ-Զելենսկի բանակցություններին: «Ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն անվտանգության երաշխիքները, տարածքային հարցերը և Ուկրաինային շարունակական աջակցությունը՝ ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։ Սա ներառում է պատժամիջոցների ճնշման պահպանումը», - հայտարարել է Գերմանիայի կառավարությունը։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը ևս հաղորդում է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը Զելենսկիի հետ կմեկնի Վաշինգտոն:

Թրամփի հետ բանակցությունների համար Վաշինգտոն կմեկնեն նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինի հետ բանակցություններից հետո՝ ԱՄՆ նախագահը խոսել է Ուկրաինայի առաջնորդի, ապա նաև ՆԱՏՕ-ի ղեկավարի և եվրոպացի առաջնորդների հետ, ներկայացրել, թե ինչ են քննարկել Պուտինի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ու Պուտինը Ուկրաինայում հրադադարի շուրջ փաստացի համաձայնության չեն եկել

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ Զելենսկիին երկուշաբթի հրավիրել է Վաշինգտոն ու եթե հանդիպումը լավ անցնի, հաջորդը կպլանավորեն Պուտինի հետ:

Եվրոպացի առաջնորդներն աջակցություն են հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև եռակողմ գագաթնաժողովի գաղափարին՝ կոչ անելով Ռուսաստանի վրա ճնշումը պահպանել մինչև խաղաղության հասնելը, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։

Ուկրաինայի առաջնորդն էլ նշել է. - «Ես պլանավորում եմ երկուշաբթի օրը Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ քննարկել սպանությունների ավարտի, պատերազմի ավարտի բոլոր մանրամասները»։