Փտած հատակ, կաթացող տանիք. Գյումրիի «Ծիածան» մանկապարտեզն արդեն 33 տարի գործում է տնակներում

Գյումրիի «Ծիածան» մանկապարտեզն արդեն 33 տարի գործում է տնակներում, հատակը փտած է, տանիքը կաթում է: Այստեղ փորձում են կարկատելով կոսմետիկ վերանորոգումներով կաթոցների դեմն առել, բայց ամբողջությամբ չի ստացվում:

120 երեխա է հաճախում ու տնակային այս պայմաններում անցկացնում օրվա մեծ մասը: Համայնքային ենթակայության տակ գործող մանկապարտեզում դաստիարակները երբեմն հնարքների են դիմում ու գորշ սենյակները ձևավորում, օրինակ, պատերը կտորներով գունավորում:

Երբ հերթը կհասնի Գյումրիի տնակային միակ մանկապարտեզի շենքի հարցի լուծմանը. մանկապարտեզի տնօրեն Արմինե Մուրադյանն ասում է՝ շենք կա, բայց դեռ դատական քաշքշուկների մեջ են:

Գյումրիում քարաշեն մանկապարտեզներ էլ կան, որ հիմնանորոգման կարիք ունեն: Օրինակ՝ «Թոռնիկ Մանուշակ» մանկապարտեզը, որ Կումայրի արգելոցի պատմական շինության մեջ է գործում, բայց խոնավությունն իր սև գործն անում է: Մանկապարտեզի շենքը վերջին անգամ նորոգվել է 31 տարի առաջ:

Շուրջ 100 տարվա շենքում տեղակայված մանկապարտեզում 100 երեխա է այս պահին հաճախում: Գրեթե բոլոր սենյակներում խոնավությունից քայքայված հատվածներ կան, սենյակներից մեկի առաստաղին էլ բոբոս է: «Ներսից հարդարում ենք, բայց կարճ է տևում», - ասում է մանկապարտեզի տնօրեն Արևիկ Տոնոյանը:

Գյումրիի Կումայրի արգելոցի շենքերի մեծ մասում խոնավ է արտեզյան ջրերի պատճառով: Դրա հետևանքով կոսմետիկ վերանորոգումները կարճ կյանք են ունենում: Մանկապարտեզներում առկա խնդիրների մասին բարձրաձայնում է ավագանու «Մեր քաղաքը» խմբակցությունը: «Մի քանի շրջայացերի ընթացքում լուրջ խնդիրներ արձանագրեցինք», - ասում է խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը:

Որոշ մանկապարտեզների հարցերով դիմել են համայնքապետարան ու պատասխան ստացել: Նաև Շիրակի մարզպետին են դիմել՝ առաջարկելով կառավարությանը միջնորդել, որ համատեղ կարողանան հարցին լուծում տալ:

Վերջերս նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, թե Հայաստանում գումարի խնդիր չկա. Գյումրիի ավագանու անդամն ասում է՝ եթե այդպես է, ուրեմն թող մանկապարտեզների հարցն էլ լուծեն:

Մանրամասները՝ տեսանյութում