Մինչ իսրայելական բանակը պատրաստվում է ընդլայնել ռազմական գործողություններն ու Գազայում ամբողջությամբ վերահսկողություն հաստատել, երկրի ներսում պատերազմը դադարեցնելու ու պատանդներին վերադարձնելու պահանջով բողոքի զանգվածային ակցիաներ են:
Լրատվամիջոցները գրում են՝ երեկ ակցիաներին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, ճանապարհներ են փակվել, այդ թվում Թել Ավիվի գլխավոր մայրուղին. «Մենք կոչ ենք անում ավարտել պատերազմն ու վերադարձնել բոլոր պատանդներին համաձայնության, այլ ոչ Գայազում մարտերը շարունակելու միջոցով: Այս պատերազմը պետք է հիմա ավարտվի», - ասում են ցույցի մասնակիցները:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներն ընդգծում են՝ Գազայում վերահսկողություն հաստատելու կառավարության ծրագիրը վտանգում է Համասի կողմից պահվող մոտ 20 իսրայելցի պատանդների կյանքը.
France 24-ը գրում է՝ 2023-ի հոկտեմբերից հետո սա Իսրայելում ամենամեծ բողոքի ակցիաներից մեկն էր. «Սա նվազագույնն է, ինչ կարող եմ անել ընտանիքներին աջակցելու ու ցույց տալու համար, որ նրանք միայնակ չեն։ Ես որդի ունեմ, որը հաջորդ տարի պետք է գնա բանակ, իհարկե, մտածում եմ իմ մասին, ինչպե՞ս կզգայի, եթե լինեի նրանց իրավիճակում», - լրատվամիջոցի հետ զրույցում ասում է ակցիայի մասնակիցը:
Իսրայելի իշխանությունները խստորեն քննադատել են բողոքի ցույցերն ու պատերազմը դադարեցնելու պահանջները: Վարչապետ Նեթենյահուն հայտարարում է՝ բողոքն ամրացնում է Համասի դիրքերը: Իսրայելի վարչապետը ռազմական գործողություններն ընդլայնելու ծրագրից հետ քայլ անելու մտադրություն չունի. «Նրանք, որոնք այսօր հորդորում են առանց Համասին հաղթելու դադարեցնել պատերազմը, ոչ միայն ամրացնում են Համասի դիրքերն ու հետաձգում մեր պատանդների ազատ արձակումը, այլև հիմքեր տալիս, որ հոկտեմբերի 7-ի սարսափները կրկին ու կրկին կրկնվեն», - հայտարարել է Բենիամին Նեթանյահուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իրեն պատկանող Truth հարթակում գրել է՝ պատանդները կվերադառնան, երբ Համասը ոչնչացվի. «Որքան շուտ սա տեղի ունենա, այնքան մեծ կլինեն հաջողության հնարավորությունները»:
Մինչ իսրայելական ուժերը պատրաստվում են նոր գործողություններին Գազայում սրվում է սովը, մարդիկ թերսնման պատճառով մահանում են, միջազգային կազմակերպությունները հայտարարում են, թե Իսրայելը թույլ չի տալիս անհրաժեշտ ծավալի մարդասիրական օգնություն Գազա հասցնել: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր Գազայում առվազն 62 հազար մարդ է զոհվել: