ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է ամերիկացի զինվորների ներգրավումն Ուկրաինայում, բայց նշել, որ Վաշինգտոնը կարող է տրամադրել օդային աջակցություն՝ որպես գործարքի մի մաս՝ ավարտելու Ռուսաստանի պատերազմը այդ երկրում։
Թրամփը հայտնել է, որ եվրոպական երկրները պատրաստ են իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա։ «Մենք պատրաստ ենք օգնել նրանց, հատկապես եթե խոսքը օդային տարածքի մասին է, քանի որ ոչ ոք նման զինանոց չունի, ինչպես մենք», - նշել է նա:
Սպիտակ տունը, իր հերթին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է աջակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համակարգման գործում, և որ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր ազգային անվտանգության թիմին աշխատել Եվրոպայի հետ։
«Նախագահը հստակ հայտարարել է, որ ամերիկյան զորքեր Ուկրաինայում չեն լինելու, սակայն մենք անկասկած կարող ենք օգնել համակարգման հարցում և գուցե այլ միջոցներով ապահովել անվտանգության երաշխիքներ մեր եվրոպացի դաշնակիցներին», –ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
ԱՄՆ-ի հնարավոր օդային աջակցության բնույթը խաղաղության գործարքի շրջանակներում դեռ հստակ չէ։ Լևիթը ևս մանրամասներ չի ներկայացրել: