Բոլիվիայում իշխող ուժի թեկնածուն 20 տարվա ընթացքում առաջին անգամ պարտվել է նախագահական ընտրություններում։ Քվեարկությունը տեղի է ունեցել տնտեսական և էներգետիկ ճգնաժամի, գրեթե 25 տոկոս գնաճի, կառավարության կողմից արտասահմանյան վարկերի չվճարման ռիսկի և իշխանությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։
Իշխող «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցության նախագահի թեկնածու Էդուարդո դել Կաստիլյոն ստացել է ձայների ընդամենը 3.2 տոկոսը։ Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ ընտրատեղամասում նրա քվեարկությունն ուղեկցվել է քաղաքացիների սուլոցներով։
Կենտրոնամետ սենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան առաջատարն է՝ ձայների 32.8 տոկոսով, որին հաջորդում է աջակողմյան գործիչ, Բոլիվիայի նախկին նախագահ Խորխե Կիրոգան՝ գրեթե 27 տոկոսով։
Նախագահականին զուգահեռ տեղի են ունեցել նաև օրենսդիր մարմնի ընտրություններ։ Սենատում իշխող կուսակցությունը կորցրել է 21 տեղ՝ չստանալով գեթ մեկ մանդատ։ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 15 մանդատ, «Ազատ դաշինքը»՝ 12, ընդդիմադիր «Միասնություն» դաշինքը՝ 8, ևս մեկ մանդատ բաժին է հասել պահպանողական «Հանուն անկախ և ինքնիշխան Բոլիվիայի» կուսակցությանը։
Ստորին պալատի ընտրությունների քվեների հաշվարկը շարունակվում է։