Մատչելիության հղումներ

ԱՆԻՖ-ի գործով մեղադրյալների հնարավոր հետախուզման մասին իրավապահները լռում են


Դավիթ Փափազյանը ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնում, արխիվ
Դավիթ Փափազյանը ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնում, արխիվ

Արդյոք Հայաստանը միջազգային հետախուզում հայտարարե՞լ է միլիարդավոր դրամների չարաշահումների ու վատնումների կենտրոնում հայտնված ԱՆԻՖ-ի քրեական գործով անցնող երեք մեղադրյալների նկատմամբ, թե՞ ոչ, օրերս մեղադրանքների վերաբերյալ հայտնած Գլխավոր դատախազությունից հրաժարվում են մանրամասնել։ «Ազատության» տեղեկություններով՝ մեղադրյալներից առնվազն երկուսը՝ Դավիթ Փափազյանը և Կարինե Անդրեասյանը, Հայաստանում չեն:

Դավիթ Փափազյանը, Բելլա Մանուկյանն ու Կարինե Անդրեասյանը, որոնք այս գործով անցնող միակ մեղադրյալներն են, անարձագանք են թողել «Ազատության» գրավոր հարցերը։ Հայտնի չէ՝ ովքեր են նրանց փաստաբանները:

«Հարցաքննվել են և շարունակում են հարցաքննվել, ոչ թե բացատրություններ, այլ քանի որ վարույթի շրջանակներում տարբեր կարգավիճակներով են հարցաքննվում անձինք, պաշտոնատար անձինք այս թվումմ, ովքեր առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ», - հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Այս հիմնադրամը ղեկավարած Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, դա ևս իրավապահները չեն հստակեցնում:

«Խոստանում եմ, որ էս ասուլիսին շատ հետաքրքիր բաներ կբացահայտվեն», - հայտարարել էր Ավինյանը: Հայտարարությանը՝ «մեղադրյալի աթոռին չեք, ուր հիմա որ պետք է լինեք», քաղաքապետը հակադարձել էր. - «Ես կարծում եմ, որ էնտեղ այլ մարդիկ պետք ա մեղադրվեն այլ բաների համար»:

ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը մեղադրյալ է միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամի» նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը մեղադրվում է երկու՝ փաստաթղթերի ու ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության, գործով մեղադրյալ է նաև «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը։ Դեռ այս մարտին «Հետք»-ը պարզել էր, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը ներդրումներ է արել «Սի Էֆ Դաբլյու»-ում, որի բաժնետերերը օֆշորում են գրանցված։ Ընդ որում՝ «Սի Էֆ Դաբլյու»-ն ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունից 1,5 մլրդ դրամ էր ստացել՝ գործունեության մեկնարկից բառացիորեն օրեր անց:

Փափազյանն անարձագանք է թողել նաև իրենց առնչվող մեկ այլ սկանդալի վերաբերյալ «Ազատության» հարցումը։

Այս տարվա գարնանը Գազայի հումանիտար հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ դարձած Փափազյանը, ըստ Մարդու իրավունքների արաբական կազմակերպության, «հնարավոր է ներգրավված լինի կամ նպաստել է Գազայի հատվածում պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համարժեք գործողություններին»։ Այդ պատճառով իրավապաշտպանները դիմել են Հայաստանի գլխավոր դատախազին՝ կոչ անելով անհապաղ հետաքննություն սկսել Դավիթ Փափազյանի գործով։ Դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ուսումնասիրում են այս դիմումը:

Իրավապաշտպանների բողոքի մասին գրած Middleeasteye.net-ը հայտնում է, որ Իսրայելն ու դաշնակից Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ստեղծված Գազայի հումանիտար հիմնադրամը լայնորեն քննադատվել է «պաշարված Գազայի հատվածում իր ռազմականացված սննդի բաշխման մեխանիզմի համար։ Բարեգործական կազմակերպություններ, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների»-ն է (MSF), հիմնադրամին մեղադրում են «սովի և անմարդկայնացման» ինստիտուցիոնալացման համար»։

Ըստ լրատվամիջոցի՝ հիմնադրամի կենտրոններում օգնության հերթ կանգնելիս կամ դրա կենտրոններ գնալու ճանապարհին առնվազն 1800 պաղեստինցի է սպանվել և ավելի քան 13 հազար 500-ը՝ վիրավորվել՝ սնունդ վերցնելիս։

Middleesteye.net-ը շեշտում է միևնույն ժամանակ, որ Գազայի հումանիտար հիմնադրամը մի քանի անգամ հերքել է, թե իր կենտրոններում որևէ մեկը սպանվել է։ Հիմնադրամից պնդում են, թե զոհվածների վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները «կեղծ են և մոլորեցնող»։

XS
SM
MD
LG