Մատչելիության հղումներ

ՀՀ փոխվարչապետն ու ԻԻՀ փոխնախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին, հայտնում է Հայաստանի կառավարությունը:

Նրանք քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և տարածաշրջանային զարգացումները: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

Գրիգորյանը վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդգծելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային խմբերի ձևաչափով կազմակերպել մի շարք կարևոր հարցերի քննարկումներ՝ դրանց առավել արդյունավետ և կառուցողական լուծում տալու տեսանկյունից:

Նախօրեին Երևան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Այցը հարևան պետությունների հետ հարաբերություններն ավելի ամրապնդելու նախաձեռնության շրջանակում է, իրանցի լրագրողների հետ զրույցում օդանավակայանում ասել է Փեզեշքիանը:

Նախքան Փեզեշքիանը Երևան կժամաներ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին է պետական IRNA գործակալությանը տված հարցազրույցում նշել՝ այցի նպատակը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխության ապահովումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG